Գիտելիքի օր

Աշնան  առաջին օրը ամառային բարկ արևի ջերմությամբ էր բացվել Այգեվանի վրա: Անօրինակ եռուզեռ էր գյուղի փողոցներում` եռագույնի վառ գույներով, ծաղիկների գույնզգույն խնդությամբ: Եվ այդ գունավոր հեղեղը գալիս ու լցվում էր հին ու հարազատ դպրոցի բակ: Հույզերի խառնաշփոթ ու հետաքրքիր մի սպասում էր թրթռում ամենքի սրտում: Առաջին դասարանցիների  աչքերում վառվում էր անհայտի գաղտնի     խլիրտը , տասներկուերորդ  դասարանցիների մոտ խառն ու շփոթ էին վերջին դպրոցական սեպտեմբերի զգացումները:

Փոքրիկ միջոցառումը, որը կարծես ներկայի ու գալիքի հանդիպում էր, հուզել էր ամենքին: Յուրաքանչյուրը իր մտքի կծիկն էր քանդել, ու հիշողությունները իրենց թափանցիկ ծածկոցն էին գործում: Ամենքի սրտում ու աչքերում ն ույն հարցն էր թափառում.<<Քանի~ սեպտեմբեր  է անցել  այն օրից>>…

Ու ամեն ուսուցիչ իր տարիներն է հիշում, երբ իր նախկին սանը արդեն որպես ծնող զավակի ձեռքը բռնում ու դպրոց է մտնում:

Տխրության  թույլ շողը մի պահ նստում է համընդհանուր ուրախության փեշին, բայց հաջորդ իսկ վայրկյանին հպարտության զգացումը տարիների  վաստակի բեռով հառնում է, ու շարունակվում է  տոնը գիտելիքի:

Հնչում է դպրոցական զանգը, ու դասարաններում սկսվում է հայապահպան ու մարդապահպան գործը: Շարունակվում է հայոց աշխարհում Մաշտոցի սրբազան գործը, քանզի այդ շարունակության համար որքան կյանքեր շարունակություն չունեցան, որքան գարուններ ամառ չտեսան:

Շնորհավոր տոնդ, Հայո′ց աշխարհ, թող խաղաղ լինեն առավոտներդ, ու կանչեն թող զանգերդ, կանչեն ու ետ բերեն զավակներիդ , ուր էլ որ լինեն:

                                                                                     

                                                                                                           Արմինե  Մովսիսյան

                                                                                     

Яндекс.Метрика