Ամառային արձակուրդները գյուղում

Ամառային արձակուրդները սկսվեցին: Սկսվեցին սովորական գյուղական առօրյայով հագեցած օրերը, որտեղ ամեն մեկը իր հասանելիք գործն ունի, իր հոգսն ունի:  Դպրոցական առօրյայից տարբերվում է նրանով, որ օրը մի փոքր ուշ է սկսվում, բայց ավարտվում է ավելի ուշ ու հոգնած: Երբեմն այնքան ուշ է ավարտվում, որ խառնվում է նոր ծնվող օրվան, ու արևի ու լուսնի շողերի գրկախառնումը հուշում է  գյուղական օրվա տևողությունը:

 Հասնում է ծիրանը ծառին, ու հասնում է խառն ու շփոթ օրերի շքերթը: Ամեն ինչ դառնում է երկրորդական, ու ամենքի աչքերում նույն մտահոգությունն է՝ միայն թե հասցնեն: Եռուզեռն ավարտվում է, ու ծառը իր վաստակած ճյուղերն է մեկնում երկինք: Ասես  գոհություն է հայտնում Աստծուց:  Բայց երբ կատաղում է երկինքն, ու կարկուտը ծեծում է անպաշտպան դաշտերը, տանջված գյուղացին մոլորված սկսում է իր վիրավոր այգու վերքերը  բուժել, իսկ իր վերքերը՝ անլուծելի դարձած խնդիրները մնում են անբուժելի: Ցավալի է, և մենք՝ երեխաներս նույնպես գիտակցում ենք, որ ինչ-որ բան պակաս կմնա, ու պետք է ևս մեկ տարի սպասել:

 Հանգստանալու համար էին մեր արձակուրդները, սակայն մենք հանգստացանք այնքան, որքան  կլիմայական դավերից վիրավոր մեր ծնողները: Սովորաբար ամառային արձակուրդներից հետո, երբ սկսվում են դասերը, բոլորս մեզ մեկ տարով մեծացած ենք համարում և իրոք այն, ինչ սովորում ենք մեր ծնողների արդար դատումների ազնիվ օրինակներից, հրամայում է հասկանալ, որ երբեք հուսահատվել չի կարելի, կյանքում պայքար կա ամենուր: 

 Հանգստանում ենք այն համոզմունքից, որ կյանքի դժվար պահերին առավելապես մեր ծնողների կողքին ենք և մասնակիցն ենք նրանց բարիք ստեղծելու ամենաազնիվ գործերին:

                                                                                        Մովսիսյան  Ռաֆայել

Предыдущая запись

Քննությունների հետքերով

Следующая запись

Գիտելիքի օր
Яндекс.Метрика