Այցելություն Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Հայրենագիտական  խմբակի  ծրագրի համաձայն նախատեսված էր այցելություն Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան:    Վերջապես հասավ սպասված պահը, և 2015 թվականի դեկտեմբերի 12-ին իրականացվեց այն ծրագիրը, որին երեխաները սպասում էին անհամբերությամբ:  Դեկտեմբերյան այդ օրը աշակերտների ոգևորությանը չափ ու սահման չկար: Առավել հուզիչ ու տպավորիչ էր թանգարանի մուտքը: Հուզվել էին բոլորը: Նրանք հաշվելով բարձրանում էին բանաստեղծի ապրած  54 տարիները խորհրդանշող աստիճաններով, որտեղ դրված էին տարբեր չափերի ոտնամաններ: Սկզբում երեխաները պրպտող հետաքրքրասիրությամբ դիտում էին առարկաները, սակայն երբ փակցված ցուցանակի վրա կարդացին այդ ոտնամանների պատմությունը, տխրեցին՝ պարզելով հայրենի պատմության ցավոտ էջերից մի փոքրիկ հատած: Այդ ոտնամանները 1915 թվականի հայոց Մեծ եղեռնից մազապուրծ հայերինն էին, ովքեր գաղթի արյունոտ ճանապարհն անցնելով՝ հասել էին Էջմիածին, որտեղ նրանց օգնում էր բանաստեղծն իր դստեր՝ Նվարդի հետ:                                  Ցուցասրահից հետո աշակերտները դիտեցին <<Ձախորդ Փանոսը>> մուլտֆիլմը 3D ձևաչափով:                                                                                                  Աշակերտները թանգարանից դուրս եկան մեծ խանդավառությամբ՝ իրենց հոգում պահելով մեծ մարդասերի խրատական ասույթը. <<Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը՝ ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով, աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով, պայծառ հայացքով>>:

                                                                                   Ա. Մանուկյան

Предыдущая запись

Շաբաթօրյակ

Следующая запись

Մեր ոգեղեն ուժը
Яндекс.Метрика