Խաչատուր Աբովյանի հետ

Նոյեմբերի 19-ը արտասովոր օր էր <<Պատանի ընթերցող>> խմբակի աշակերտների համար: Պատճառն այցելությունն էր Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան: Աշակերտների ոգևորությունը սկսվեց ճանապարհին, որն անցնում էր ուրախ տրամադրությամբ:

  Խորհրդավոր լռություն էր թանգարանի բակում: Հայ գրականության լուսավորիչն էր կարծես ներս հրավիրում աշակերտներին: Լուսավոր ցուցասրահում ներկայացված էին գրողի անձնական իրերը՝ ձեռագրեր, մատյաներ: Տպավորիչ էին նրա գրառումների տետրերը: Աշակերտները հուզմունքով էին կարդում՝ ինչպես կկարդային Սուրբ գիրքը: Նույնիսկ զարմանքն ընկերացավ մեր երթին, երբ դիտեցինք Է. Ղազարյանի բրնձի հատիկի վրա արված Խաչատուր Աբովյանի դիմանկարը: Ոգևորությունը հասավ գագաթնակետին, երբ մուտք գործեցինք գրողի տոհմական տուն: Աշակերտները զարմացած ու լուռ  կանգ առան փոքրիկ օրորոցի մոտ, ուր ամեն օր անուշ քնից հետո իր անմեղ աչքերն էր բացել մեծ գրող-լուսավորիչը: ...Տեսնես ինչ էին մտածում: Լռությունը երկար ժամանակ չէր խախտվում:

  Լավն էր օրը, աշնանային ջերմացնող արևն անգամ կարծես մասնակցում էր աշակերտների ուրախությանը: Տպավորված տուն վերադարձանք:

                                                                                      Ա. Աղախանյան

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно