Ուխտագնացություն Խոր Վիրապ

2015թվականի նոյեմբերի 4-ին դպրոցի 8-րդ և 10-րդ դասարանները մեկնել էին Խոր Վիրապ՝ ուխտագնացության: ՈՒխտագնացությունը կազմակերպել էր հայերենի ուսուցչուհի Արմինե Մովսիսյանը: 

 Հավատքի այդ յուրօրինակ վկայարանն իր վեհությամբ ներկայացավ ուխտավորներին որպես հաղթանակած լուսավոր խորհուրդ: Մասիսների հայրախնամ ներկայությունը և Մայր Արաքսի համբերատար հոսքը կարծես վկայում էին սրբագործության իրական հրաշքի մասին: Աշակերտները մեծ ոգևորությամբ և հպարտությամբ ունկնդրեցին եկեղեցու զանգերի սրբաձայն հյուրընկալ հնչյունները, մտան դարերի  զարկն ու արյունը, լացն ու արցունքը իրենց քերծերում պահող պարիսպերից ներս և մատաղ հոգիներում հանուն լույսի դարավոր կռվի ու հաղթանակի երանությունը զգացին: Այլ աշխարհում չէին նրանք, նույնն էր ամեն ինչ՝ մարդիկ, հոգևոր հայրեր, հարսնաքավորներ, հարս ու փեսա, մկրտվողներ, ուխտավորներ` երկար, շատ երկար ճանապարհներ անցած... Կյանքն էր այնտեղ` ճշմարտալույս օրհնությամբ, կյանքն էր՝ հավատահաղթ զորությամբ: 

   Մեր փոքրիկ ուխտավորների խումբը Խոր Վիրապից հոգևոր ծով երանությամբ ուղևորվեց դեպի Էջմիածին՝ Մայր տաճար, ուր Տիրոջ կողմից խարսխվել էր դարերի փոթորիկների ու լուսակործան ալիքների միջից մեր օրերն հասած, հաղթանակած, բարության փրկարար բեռը տանող նավը: 

    Օրը լուսավոր էր, զորավոր էր օրը:

Предыдущая запись

Ոսկե աշուն 2015

Следующая запись

ՄԵՂՈՒ 2015
Яндекс.Метрика