ՄՈՄԻԿ ՎԱՐԴԱՊԵՏ

 




Ենթադրվում է, որ նա իր գործունեությունն սկսել է Կիլիկիայում՝ 1283 թվականին Կեռան թագուհու պատվերով մի Ավետարան ծաղկելով։
Եղել է Օրբելյան տան նկարիչ-ճարտարապետը։ Մի անգամ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Նորավանք է հրավիրում քառասուն քարգործների՝ ամենաարագը մի մատնաչափ խաչ քանդակելու, ուր հաղթում է տասնվեցամյա Մոմիկը, որի արդյունքում Ստեփանոս Օրբելյանն ասում է, «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և’ առաջին մրցանակը տանք, և’ Մոմիկ մականունը։»
Իսկ «վարդպետ» բառը «վարդապետ» բառից է ծագում, այն ժամանակ նշանակել է ճարտարապետ եւ քարգործ, շինարարական արձանագրությունների տակ այդպես են ստորագրել նաեւ այլ կառուցողներ: Իսկ «Մոմիկ սարկավագ» անունը, որով կոչում էր նրան ժողովուրդը, արդյունք է նրա, որ Մոմիկին մարդիկ համարում էին գրիչ, կարդացող, տիրացուի նման մի բան, որոնք բոլորը ժողովրդի աչքում սարկավագ էին: Մոմիկը եղել է աշխարհական, զավակներ ու թոռներ է ունեցել:
Մահացել է 1333 թվականին Վայոց Ձոր Ամաղու գյուղի մոտ գտնվող Նորավանքում։
Հայ միջնադարյան մշակույթում նշանակալի հետք է թողել ճարտարապետ, քանդակագործ եւ մանրանկարիչ Մոմիկը, որը ստեղծագործել է Վայոց ձորում, Օրբելյան իշխանական տան հովանու ներքո, 13-րդ դարի վերջին եւ 14-րդ դարի սկզբին:
Միջնադարյան հայ մշակույթին մի փոքր անգամ ծանոթ մարդն անմիջապես կտարբերի Մոմիկի աշխատանքներն այդ շրջանում գործող մյուս բոլոր վարպետների աշխատանքներից խորքով, ընդունվածից տարբեր անսովոր լուծումներով. համարձակ, միաժամանակ նրբարվեստ ճարտարապետական կառույցներ, կենդանի, կյանքից վերցրած ֆիգուրներով պատկերաքանդակներ, նախագծողի միտքը հմտորեն լուսավոր գույներին համադրած անկրկնելի մանրանկարներ. Մոմիկն անշփոթելի է ուրիշների հետ` իր վառ անհատականությամբ:
Մոմիկի ծննդյան թվականը հայտնի չէ, այն հաշվում են նրա առաջին գործի` 1292 թվականի Ավետարանի մանրանկարներից ենթադրաբար հետ գալով 25 տարի: Մոմիկի մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք 1283 թվականին, Գլաձորի համալսարանում կազմված մի ձեռագրում, ուր պահպանված միակ խորանի վրա գրված է. «ԶՄոմիկ նկարիչ խորանիս հիշեցեք աղաչեմ»: Նա Օրբելյան իշխանական տան նկարիչ- ճարտարապետն էր, եւ նրանց հանձնարարությամբ նախգծում եւ կառուցում էր եկեղեցիներ, ծաղկում Ավետարաններ: Իր ողջ կյանքն անցկացրել է Վայոց ձորում: Մեզ են հասել Մոմիկի ծաղկած 4 ձեռագիր Ավետարանները, որոնցից երեքը ստորագրված են, չորրորդն անստորագիր է եւ վերագրվում է նրան` ոճական ակնհայտ եւ ուրիշ ոչ մեկի մոտ չհանդիպող նմանություններից ելնելով.1292, 1302 (կամ` Ստեփանոս Օրբելյանի), 1283 (չստորագրված) թվականների Ավետարանները, 1283-84 թվականների հավաքածուն: Քանդակագործական աշխատանքներից ճշտորեն որոշված են, որ նրանն են 1308 թվականի խաչքարը Նորավանքում, Արենիի եկեղեցու Աստվածամոր եւ մանկան պատկերը (1321), Նորավանքի գավթի Աստվածամոր եւ Հայր Աստծո պատկերաքանդակները: Ճարտարապետական կառույցներից հայտնի են Նորավանքի եկեղեցու գավիթը, Արենիի եկեղեցին, Նորավանքում Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին, նրան են վերագրվում նաեւ Եղեգիսի Զորաց, Տաթեւի սբ. Գրիգոր եկեղեցիները :
Կենսագրական հետաքրքրական տեղեկություն է պահպանվել 1331 թվականի հիշատակարանում, ուր Մոմիկը ասում է տեսողությունը կորցնելու եւ «զկնի սակաւ ամաց» Աստծո եւ իր հավատի շնորհիվ` «յուսովն որ առ Յիսուս» այն վերստանալու մասին: Տեսողությունը կորցնելուց եւ որոշ ժամանակ անց վերակնգնելուց հետո, սակայն, Մոմիկն այլեւս մանրանկարչությամբ չի զբաղվել: Մոմիկի մեծ ժողովրդականության մասին է վկայում նրա անվան հետ կապված ավանդազրույցի գոյությունը: Ժողովրդական բանահյուսությանը հատուկ ոճով կառուցված այդ գողտրիկ պատումը, ուր խոսվում է ճարտարապետի` Սյունյաց իշխանի աղջկան սիրահարվելու, իշխանի` գեղեցիկ վանք կառուցելու դեպքում աղջկան վարպետին կնության տալու խոստման եւ վանքը շինելուց հետո խոստմնազանց իշխանի հրամանով Մոմիկին գմբեթից հրելու, ցած գցելու մասին, թեեւ հեռու է իրական պատմություն լինելուց, սակայն հավանաբար ունի վավերական հեռավոր ենթաշերտ: Մասնավորապես` Մոմիկի սկսած կառույցն անավարտ թողած լինելու հանգամանքով պայմանավորված` եթե նկատի ունենանք Բուրթելաշեն եկեղեցու կառուցման պարագան: Ըստ արձանագրության` եկեղեցին կառուցվել է 1339-ին, իսկ Մոմիկի հիշատակի խաչքարը նշում է, որ նա մահացել է դրանից վեց տարի առաջ, ինչից ուսումնասիրողներից ոմանք ենթադրում են, թե նա նախագծել է կառույցը, ներկա եղել հիմնադրմանը, սակայն չի տեսել շինարարության ավարտը: Արվեստագետի մահվան թվականը գրված է նրա հիշատակին Նորավանքում կանգնեցված մի համեստ խաչքարի վրա. «1333. Յիշեա Քրիստոս Աստուած զՄոմկա յոգին եւ ողորմեա»:
Մոմիկի ձեռագրերը վերաբերում են նրա ստեղծագործության վաղ շրջանին: Նրա ընդօրինակած եւ նկարազարդած Նորավանքի Ավետարանը գրված է 1292 թվականին, Քարկոփի վանքի մոտ գտնվող Ուռո քար բնակավայրի սբ.Գեւորգ եկեղեցում, Հովհաննես ու Թադեոս քահանա եղբայրների պատվերով: Ձեռագիրը պահվում է Մատենադարանում (թիվ 2848 ձեռագիր): Գրված է մագաղաթի վրա, եւ, բարեբախտաբար, ամբողջական է մատյանի հիշատակարանը: Հիշատակարանում գրիչ-մանրանկարիչն իրեն կոչում է «ապիկար քարտուղար.. Մոմիկ կոչեցելոյ», որ մագաղաթին է հանձնել «զգիծ եւ զնկար»: Շատ կարեւոր է նաեւ Մոմիկի թողած տեղեկությունն իր ուսուցչի վերաբերյալ. «Աղաչեմ եւս յիշել զբազմերախտի ուսուցիչն իմ զՅովասաբ կուսակրոն քահանայ»: Ուշագրավ է, որ նույն 1292 թվականին Հովասափը մի ձեռագիր է ընդօրինակել Գլաձորի համալսարանի Եսայի Ուսուցչապետի պատվերով: Նորավանքում պահպանվել է Հովասափի` 1324 թվականը կրող տապանաքարը: Նորավանքի Ավետարանը որպես ամենավաղ ամբողջական ստեղծագործություն` որոշակի պատկերացում է տալիս Մոմիկի արվեստի մասին: Այս Ավետարանում սյուժետային մանրամասներ չկան` ավետարանիչների պատկերներ են, լուսանցազարդեր եւ գլխազարդեր.գունային սեղմ ներկապնակ` կարմիր, կապտականաչավուն եւ դեղին հիմնական գույներով: Ոսկին սահմանափակ է օգտագործված: Մոմիկը դիտողին առինքնում է գլխավորապես գեղարվեստական միջոցների պարզությամբ, ներդաշնակ-պածառ գուներանգներով: Մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալությամբ, գունային ներդաշնակությամբ, զարդանկարի հստակությամբ, կերպարների զանգվածեղությամբ ու դիմանկարների արտահայտչականությամբ: Ավետարանիչների պատկերներում առկա ընդգծված ճարտարապետական խորքը, մարդկային կերպարների ծավալային լուծումը, անվանաթերթերում զարդանկարային բարդ գծապատկերի գոյությունը, պատկերների ընդհանուր կոթողայնությունը հուշում են նկարչի ճարտարապետաքանդակագործական նախասիրությունների մասին: Նորավանքի Ավետարանի լուսանցազարդերից մեկում Մոմիկը պատկերել է լուսանցապատկեր` եռահարկ եկեղեցակառույցի տեսքով: Շուրջ չորս տասնամյակ անց նրան բախտ է վիճակվել բազմահարկ կառույցի մտահղացումը կյանքի կոչել` հանձին Բուրթելաշեն սբ.Աստվածածին եկեղեցու: 1302 թվականին Մոմիկը Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանի պատվերով նկարազարդել է մի մեծարժեք Ավետարան (թիվ 6792), գրիչն է Հովհաննես Օրբելյանը, 300 էջ, որը նշանավոր պատմիչը միշտ մոտն էր պահում ճամփորդությունների ժամանակ: Անգամ հաճախ տարել են մարտի դաշտ` համարելով, որ հաղթանակ է բերում: Պատմիչ-գրիչի գրած գլխավոր հիշատակարանում, ցավոք, գրչության վայրը չի նշվում: Սակայն ամենայն հավանականությամբ Նորավանքն է, քանի որ եւ գրիչը, եւ մանրանկարիչը հիմնականում Նորավանքում էին բնակվում: Ձեռագիրն իր անսովոր փոքր չափերով, մանրանկարների պատկերագրական ինքնատիպությամբ ու բարձր արվեստով ձեռագրական արվեստի իսկական գլուխգործոց է` 12 անգամ 8,7 չափեր ունեցող էջերի մեջ` 12 սյուժետային մանրանկար եւ 3 պատկեր, 2 անվանաթերթ, 8 շատ փոքր գլխազարդ եւ մի շարք լուսանցազարդեր: Ավելի փոքր նկարադաշտում.13-րդ էջի հիշատակարանում Մոմիկը խնդրում է հիշել նկարչին եւ սխալների համար չմեղադրել, որովհետեւ անհմուտ էր (ինչպիսի համեստություն), ժամանակն էր ձմեռ եւ տունն էր նսեմ: Մոմիկը ձեռագրի սկզբում զետեղել է ավետարանական գլխավոր իրադարձությունները` զարմանալի վարպետությամբ պատկերելով Ավետարանի տերունական պատկերաշարի հիմնական տեսարանները հետեւյալ հերթականությամբ. Ավետում, Ծնունդ, Տեառնընդառաջ, Պայծառակերպություն, Մուտք Երուսաղեմ, Ոտնլվա, խաչելուլություն, Ողբ, Հարություն, Համբարձում, Հոգեգալուստ: Պահպանվել են նաեւ ավետարանիչների պատկերները: Չնայած գրքի անսովոր փոքր չափերին` նկարիչը կարողացել է կանոնական ամբողջականությամբ վերարտադրել տերունական պատկերները: «Համբարձում» մանրանկարում նա ներդաշնակորեն տեղավորել է մարդկային 17, «Մուտք Երուսաղեմ» տեսարանում` 18 ֆիգուր, արտահայտիչ ներշնչված դիմագծերով: Մոմիկը դիմանկարային արվեստի ամենամեծ վարպետներից է հայ մանրանկարչության մեջ: Մոմիկի ստեղծած պատկերները կոթողային են, կերպարները` զգացմունքային: Նրա մանրանկարներին` հատկապես դիմանկարներին եւ մարդկային ֆիգուրներին բնորոշ է դրամատիզմը, նրանք բնավ էլ չեն կորչում ծանր ու մուգ գույնի ճարտարապետական խորքով ֆոնի վրա, այլ ընդգծվում են չափազանց իրական միջավայրով: Գունաշարում ոսկու ներդաշնակ օգտագործումը պատշաճ շքեղություն է հաղորդում տեսարաններին: Մոմիկը երբեք չի կրկնում իրեն. ամեն անգամ տեսնում ենք մի նոր տարբերակ Աստվածամոր կերպարի պատկերման մեջ տարբեր ձեռագրերում: Ստեփանոս Օրբելյանի պատվերով նկարազարդած ավետարանում Աստվածամայրը երիտասարդ մի կին է` արտահայտված խոր աչքերով, նուրբ դիմագծերով եւ հեզաճկուն կեցվածքով: Ավետարանի տարբեր հիշատակարաններում պատմվում է ձեռագրի հետագա ոդիսականը.1406 թվականին ձեռագիրը ոմն գրիչ վերականգնել եւ վաճառել է, այն ձեռքից ձեռք է անցել, իսկ 1676 թվականին վերստին վաճառվելիս նրա համար վճարվել է շատ մեծ գին` 1 կով, 1 ցուլ, 1 գոմեշ ու 1 կարպետ: 1307 թվական. արդեն մետրոպոլիտ դարձած Հովհաննես Օրբելյանի պատվերով Մոմիկը սկսել է մեկ այլ ավետարանի գրչությունը, սակայն չի կարողացել աշխատանքն ավարտել` տեսողությունը կորցնելու հետեւանքով: Այս ամենի մասին նա գրություն է թողել 1331 թվականին գրած ուշագրավ հիշատակարանում: Գործն ավարտել են Մոմիկի գործընկերները. «Յոհանէս գրիչ զթերին ելից եւ Թորոս` զոսկեն զարսն»: Ձեռագիրը գրվել է Բուրթել իշխանի համար: Որոշ ժամանակ անց Մոմիկը տեսողությունը վերականգնել է, որի մասին նա հիշատակարում գրել է.«Յուսովն առ Յիսուս, զկնի սակաւ ամաց լոյս աչաց իմոց դարձաւ առ իս»: Նորավանքում աթոռակալ դարձած նոր եպիսկոպոս Տարսայիճը 1331 թվին Մոմիկին հաձնարարում է գրել ձեռագրի հիշատակարանը. «ԶՅիշատակարանս արարի եւ գրեցի հրամանաւ տէր Տարսայիճին` մականուն տէր Ստեփանոսի»: Այս հիշատակարանն անուղղակի վկայում է, որ Մոմիկը բնակվում էր Նորավանքում եւ կատարում Օրբելյան մետրոպոլիտների եւ իշխանների պատվերը: Մոմիկ ճարտարապետն ու քանդակագործը
Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Մոմիկն իրեն հիմնականում համարել է ճարտարապետ եւ քանդակագործ` դրա ակնարկը համարելով 1302 թվականի հիշատակարանն, ուր Մոմիկը հիշում է ցուրտ ձմռան մասին. այսինքն` այդ ակնարկից ենթադրվում է, որ նա մանրանկարչությամբ միայն ձմռանն էր զբաղվում, երբ կանգ էր առնում շինարարությունը եւ լռում էին քարգործների մուրճերը: Բոլոր դեպքերում` Մոմիկը որպես մանրանկարիչ բավական ուսումնասիրված է, հատկապես Գլաձորի մանրանկարչական դպրոցի համատեքստում, սակայն նրա ճարտարապետական եւ քանդակագործական գործերը հիմնավոր ուսումնասիրված չեն եւ սպասում են իրենց ուսումնասիրողին: Ժամանակագրական առումով ճիշտ է սկզբում նշել Մոմիկին վերագրվող Տաթեւի սբ. Գրիգոր թաղածածկ եկեղեցին, որը կառուցվել Ստեփանոս Օրբելյանի պատվերով, 1138 թվականին, երկրաշարժից ավերված եկեղեցու փոխարեն: Ըստ ճակատակալ արձանագրության` այն ավարտվել է 1295 թվականին, որը համեմատելով Մոմիկի ավելի ուշ ստեղծագործության` Արենիի եկեղեցու հետ, ուսումնասիրողները նշել են նույն ճարտարապետական ձեռագիրը, այն էլ բավական ձեւավորված. փաստորեն այս կառույցը Մոմիկի համար նախապատրաստություն եղել Արենիի եկեղեցու համար: Մոմիկի ճարտարապետական առաջին վավերկան գործ, սակայն, ուսումնասիրողները նշել են դարչնագույն տուֆից կերտված Արենիի կենտրոնագմբեթ եկեղեցին, Արփա գետի մոտ, մի բարձր բլրի գագաթին. այն նկատելի է եղել հեռվից եւ գերիշխել է ողջ բնակավայրի վրա (1321 թվականից 1323-24 թվականներ): Մոմիկն այն կառուցելիս հրաժարվել է 13-14-րդ դարերի պաշտամունքային ավանդական ձեւերից` գմբեթը հենելով երկու առանձին կանգնած մույթերի վրա, այդպիսի բան ժամանակի ոչ մի ուրիշ հուշարձանում չկա: Արեւմտյան մուտքից ներս մտնողի առջեւ միանգամից բացվում է եկեղեցու ողջ ներքին տարածքը, իսկ վերասլաց սյուները մեր հայացքն ուղղում են դեպի նկարիչ ու քանդակագործ Մոմիկի հրաշալի որմնանկարներն ու պատկերաքանդակ ները` ավետարանիչների խորհրդանիշները: Արեւմտյան մուտքի ճակատակալ քարին Աստվածամոր եւ մանուկ Հիսուսի պատկերաքանդակն է, որ այդքան հիացմունքի է արժանացել եւ պատկերում է տիրամորը որպես երկնային թագուհի:
Արենիի եկեղեցու շինարարության ավարտին Մոմիկի թողած արձանագրության մեջ նշվում է 1321 թվականի երկրաշարժի մասին. այս երկրաշարժից տուժել է Նորավանքի գլխավոր եկեղեցու արեւմտյան գավիթը: Օրբելյան իշխաններն անմիջապես հանձնարարում են Մոմիկին վերականգնել այն: Մոմիկը հաջողությամբ իրականացնում է այդ դժվարին աշխատանքը եւ կերտում իր անմահ պատկերաքանդակները. առաջինը գավթի մուտքի լուսամուտի բարավորի Հայր Աստծու պատկերաքանդակն է` փառավոր մորուքով, աջ ձեռքը օրհնության համար բարձրացրած, ձախով կրծքի մակարդակին տղամարդու գլուխ պահած: Ակնհայտ է, որ Ադամի ստեղծման տեսարանն է, եւ բավական հեռացած ավանդական ձեւերից, ինչը Մոմիկի ձեռագիրն էր դարձել արդեն: Երկրորդը Աստվածամոր պատկերաքանդակն է, որը բոլոր ձեւերով, անգամ գահով ու վերջինս ծածկող գորգի զարդանախշերով հիշեցնում է Արենիի եկեղեցու Աստվածամորը: Արենիի եկեղեցին եւ Նորավանքի գավիթը Մոմիկ վարդպետի ստեղծագործության բարձրակետերն են, որ հիացնում եւ համարձակ լուծումներով մտորել են տալիս առայսօր: Մոմիկի հաջորդ նշանակալի գործը Նորավանքում Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է` ավարտված 1339 թվականին. նախորդ կառույցները հիանալի դպրոց են եղել Մոմիկի համար` երկհարկ եկեղեցի սկսելու որպես հմուտ ու փորձված ճարտարապետ, եւ հիանալի կարողանում էր մշակել թե կառուցվածքների ծավալային ձեւերը, թե անկրկնելի դեկորատիվ հարդարանքը: Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ այդ եւ հետագա տարիներին Մոմիկը Օրբելյանների ամառանոցային նստավարում կառուցել է Զորաց եկեղեցին` խիստ արտասովոր ճարտարապետական մի կառույց, որի լուծումը ոչ մի այլ տեղ չի հանդիպել: Զորաց եկեղեցու արեւմտյան կողմում տարածվում էր մի սարահարթ, որտեղ, ինչպես ենթադրվում է` վարժվում էր իշխանական զորագունդը: Գուցե հենց այդ էլ թելադրել է եկեղեցու զուսպ արտաքին ձեւերը: Այնուամենայնիվ` ընդհանրություններ, հատկապես եռանկյունաձեւ խորշերի առումով, Արենիի եկեղեցու հետ, նկատելի են: Իսկ Նորավանքի Բուրթել իշխանի հիշատակին կառուցված եկեղեցին աչքի է ընկնում իր ճոխ ձեւերով ու հարդարանքով, որ իրեն կարող էր թույլ տալ արդեն շատ կառույցներ հեղինակած ճարտարապետը: Այն համարվում է Մոմիկի վերջին գործը, որն ավարտել են աշակերտները, նրա մահվանից`1333 թվականից վեց տարի անց: Դրա մասին են վկայում հուշարձանի տարբեր մասերում տեղադրված պատկերաքանդակների որոշ ոճական տարբերությունները: Հովհաննես Օրբելյանի հիշատակին Մոմիկի կերտած խաչքարը (1304) դրված է Նորավանքում եւ աչքի է ընկնում զարդամոտիվների արտակարգ նրբությամբ: Աշխատանքը հազիվ ավարտած` Մոմիկը ստանում է հաջորդ պատվերը Սյունյաց իշխանուհի Թաթմա խաթունից` Աթաբեկ Տարսայիճի եւ նրա որդիներ Բուղդայի եւ Բուրթելի արեւշատության համար խաչքար կերտելու: Այն Մոմիկն ավարտում է 1308 թվականին եւ ստորագրում. «Մոմիկ վարդպետ»: Միայն այս թվին է, ուրեմն, Մոմիկը իրեն արժանի համարել «վարդպետ» տիտղոսին: Այսպես է ստորագ րել նա նաեւ 1321 թվականին Արենիի եկեղեցու պատին: Ուսումնասիրողները գտնում են, որ Մոմիկն իր կերտած խաչքարների տակ պատահական չի ստորագրել «վարդպետ»` ճարտարապետ, այլ ոչ թե «գրիչ» կամ «նկարիչ», քանի որ իր կյանքի գործը կառուցելն է համարել:
Այսպես թե այնպես` մեր մշակույթի սիրելի անուններից մեկի կյանքն ու գործը սպասում են իրենց լիարժեք ուսումնասիրողին, որով մենք մեր պարտքը կհատուցենք միջնադարյան հայ արվեստում եղանակ ստեղծող եւ մարդկանց ուրախություն պատճառող իր բազմաթիվ գործերը մեզ նվիրած արվեստագետի հիշատակին:

Ուսումնասիրություններից քաղեց ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно