ՈՒՍՈՒՑՉԻ ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐՄԵՐԻ ՄԱՍԻՆ



Հասարակական կյանքը բազմաշերտ գործընթաց է, և հայտնի է, որ միայն իրավական նորմերը բավարար չեն այդ գործընթացը լիարժեք կարգավորելու համար: Հասարակության կողմից պատմականորեն ձևավորվել է այնպիսի հայացքների, նորմերի և գնահատականների համակարգ, որոնք վերաբերում են անհատների վարքի կանոնակարգմանը, մյուս մարդկանց կամ որոշակի հանրույթների շահերի հետ առանձին մարդկանց արարքների հանաձայնեցմանը, մարդկանց միջև հարաբերությունների ու ներգործությունների եղանակներին: Այս գործառույթն ազգային կյանքում իրականացվում է բարոյական նորմերի ու գնահատականների միջոցով, որոնք միտված են դառնալու մարդկանց ներքին մղումներ և առաջ են բերում անձնական պարտականության և անձնական պատասխանատվության գիտակցում:
Ի տարբերություն իրավական, վարչական և այլ նորմերի, բարոյականությունը անմիջականորեն չի հենվում պետության պարտադրող ուժի, մանավորապես` որևէ հատուկ հաստատության վրա, որը կհարկադրեր պահպանելու բարոյական նորմերը: Բարոյականության ետևում գտնվում են համոզման, օրինակի, հասարակական կարծիքի, դաստիարակության, ավանդույթի ուժը, առանձին անձանց կամ կազմակերպությունների վստահելի հեղինակության ուժը:
Հետզոտություններն ու դիտարկումները վկայում են, որ հասարակական կացութաձևի արագընթաց փոփոխությունների փուլում, հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում մեր երկրի հանրային կյանքի բազմաթիվ ոլորտներում ի հայտ են եկել բարոյական արժեքների նսեմացման միտումներ, ինչի հետևանքով լուրջ խոչընդոտներ են ծագել հասարակական առաջընթացի համար: Հասարակության բարոյական ինքնամաքրման ահազանգը զգաստացնող հնչեղություն ունի, և միանգամայն հասկանալի է, որ այդ ահազանգն առաջին հնչեցնողները հանրակրթական դպրոցների ուսուցիչներն են, որոնք առավել խորությամբ են գիտակցում ավագ սերնդի պատասխանատվությունը մատաղ սերնդի առջև: Եվ քանի որ դաստիարակված մարդն ինքն է գիտակցում իր բարոյական պարտքը, այսինքն` իր անձնական պարտականությունները մյուս մարդկանց և սերնդի նկատմամբ, ինքն է գնահատում իր վարքն ու արարքները, բնական է, որ ուսուցիչների հանրությունն ինքնակամ ընտրում է իր բարոյականության վարքականոնը և հետամուտ է լինում դրա պահմանմանն ու ամրապնդմանը ամենօրյա կյանքում: Այդ տեսակետից` ստորև ներկայացվող դրույթները պետք է դիտել որպես փաստաթղթային ձևակերպում բոլոր այն նորմերի, որոնք իբրև <<չգրված օրենքներ>> կարող են ընդունելի լինել ուսուցիչների կողմից և դառնալ նրանց վարքի ու գործունեության ինքնակարգավորման ուղեցույց:

ՈՒՍՈՒՑՉԻ ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐՄԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ∗

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հավատալով, որ դպրոցում են դրվում ապագա քաղաքացու կյանքի գլխավոր ուղենիշների արժեքային համակարգի և աշխարհայացքի ձևավորման հիմքերը,
Կարևորելով երեխայի բոլոր իրավունքներն ու ազատությունները և հատկապես իր տարիքին ու կարողություններին համապատասխան
∗ Սույն նախագիծը մշակվել է Դպրոցկենտրոնների միության նախաձեռնությամբ և ներկայումս գտնվում է փորձարկման փուլում: Խնդրվում է`նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել <<Մարդ և հասարկություն<< ամսագրի խմբագրություն:

Հարգելով առանց խտրականության բոլոր երեխաների՝ բարենպաստ կրթական միջավայր ունենալու իրավունքը,
Ձգտելով կրթության գործընթացներում հետևելու ազգային ու համամարդկային բարոյական բարձրագույն արժեքներին,
Ընդունելով, որ այս գործում մեծ է ուսուցչի ազդեցությունն ու դերը, և
Շեշտելով ուսուցչի իրավունքների ու պարտականությունների փոխկապակցվածությունը և մասնագիտական գործունեության մեջ ուսուցչի ինքնուրույնությունն ու ստեղծագործականությունը`
Դպրոցկենտրոնների միությունը ստորև`փաստաթղթի տեսքով ներկայացնում է ուսուցչի էթիկայի նորմերը, որի ստեղծումն ու հանրակրթական ուսումնական հաստատություններում կիրառումը առաջնահերթ նշանակություն ունեն կրթական գործընթացների ժողովրդավարացման, կրթության որակի ապահովման և հետագա բարելավման համար,ինչպես նաև հասարակական երկխոսություն խրախուսելու տեսանկյունից:
Սույն փաստաթուղթը ուսուցիչների և մանկավարժական այլ աշխատողների (այսուհետ` ուսուցիչ) մասնագիտական գործունեության յուրահատւկ վարքականոն է, որը, ելնելով ուսուցչի՝ ՀՀ օրենսդրությամբ ամրագրված պարտականություններից և իրավունքներից, ուրվագծում է հարաբերությունների այն ոլորտը, որը չի կանոնակարգվում իրավական նորմերով, այլ ենթակա է զուտ բարոյական կարգավորման:
Ուսուցչի էթիկայի նորմերը սահմանող սույն փաստաթուղթը կազմված է ներածությունից, հինգ բաժիններից և եզրափակիչ դրույթներից։
Առաջին բաժնում ներկայացվում են ուսուցչի էթիկայի նորմերի նպա-տակները, աղբյուրներն ու սկզբունքները։
Երկրորդ բաժնում ներկայացվում են ուսուցչի անձին ու աշխատաոճին առաջադրվող բարոյական պահանջները։
Երրորդ բաժնում ներկայացվում են ուսուցչի փոխհարաբերություն-ները սովորողների, մանկավարժական կոլեկտիվի, ծնողների, հասարա-կության և պետության հետ։
Չորրորդ բաժնում ներկայացվում են ակադեմիական ազատությանն ու տեղեկատվությունից օգտվելուն առնչվող, ինչպես նաև կոռուպցիա երևույթը կանխելուն միտված բարոյական նորմերը:

Հինգերորդ բաժնում տրվում է ուսուցչի բարոյական վարքագծին արձագանքելու, բողոք ներկայացնելու և այդ կապակցությամբ էթիկայի նորմերին վերաբերող հարցերի քննարկման նպատակով հանձնախմբերի ձևավորման ու գործառնության կարգը:
Եզրափակիչ դրույթները պարունակում են լրացուցիչ երաշխավորություններ:

ԲԱԺԻՆ 1. ՈՒՍՈՒՑՉԻ ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐՄԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1.1. Ուսուցչի էթիկայի նորմերի փաստաթղթային ձևակերպման նպատակներն են.
• սահմանել ուսուցչի մասնագիտական էթիկայի հիմնադրույթները,
• նպաստել կրթական գործընթացներում երեխաների իրավունքների ու ազատությունների երաշխավորմանը,
• կարգավորել ուսուցչի հարաբերությունները սովորողների, ծնողական համայնքի, մանկավարժական կոլեկտիվի և պետության հետ,
• պաշտպանել ուսուցչի արժանապատվությունն ու մարդկային մյուս արժանիքները,
• նպաստել ուսուցիչների մասնագիտական վարկանիշը, աշխատանքի որակն ու մասնագիտական պատիվը բարձր պահելուն,
• նպաստել կրթական ու դաստիարակչական հաստատությունների մշակույթի ձևավորմանը` հիմնված վստահության, պատասխանատվության, արդարության և ստորև թվարկվող այլ սկզբունքների վրա։
1.2. Ուսուցչի էթիկայի նորմերի հիմնադրույթները սահմանվում են՝ ելնելով Մարդու և երեխայի իրավունքների համընդհանուր հռչակագրերի, ՀՀ Սահմանադրության, Երեխայի իրավունքների մասին, Կրթության մասին և Հանրակրթության մասին ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության՝ ուսուցչի մասնագիտական գործունեությանն առնչվող որոշումների, Կրթության և գիտության նախարարի հրամանների, նորմատիվ այլ փաստաթղթերի, միջազգային իրավունքի, բարոյականության համամարդկային  դրույթների,
 ինչպես նաև հայկական դպրոցի դարավոր ավանդույթների ոգուց։
1.3. Ուսուցչի էթիկայի նորմերի սկզբունքներն են.
• հարգանք երեխայի իրավունքների ու ազատությունների հանդեպ
• մարդասիրություն
• հոգատարություն
• օրինապահություն
• պատասխանատվություն
• ժողովրդավարություն
• համագործակցություն
• համերաշխություն
• հանդուրժողականություն
• արժանապատվություն
• արդարություն
• անաչառություն
• արհեստավարժություն
• հարգանք կրթական գործընթացի մասնակից կողմերի հանդեպ
Վերոնշյալ ցանկը սպառիչ չէ և կարող է լրացվել նշված սկզբունքներին չհակասող և իրենից բարոյական արժեք ներկայացնող այլ սկզբունքներով ևս:

ԲԱԺԻՆ 2. ՈՒՍՈՒՑՉԻ ԱՆՁՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՈՃԸ
2.1. ՈՒսուցիչը նվիրված է իր աշխատանքին, բարձր է պահում մասնագիտության վարկանիշը և մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր մասնագիտական պարտականությունների կատարմանը։
2.2. ՈՒսուցիչը պահանջկոտ է սեփական անձի նկատմամբ և շարունակ ձգտում է ինքնակատարելագործման։
2.3. Ուսուցիչը հետևողականորեն զբաղվում է ինքնակրթությամբ, աշխատում իր որակավորման բարձրացման ուղղությամբ և որոնում աշխատանքի ավելի արդյունավետ մեթոդներ։
2.4. ՈՒսումնական գործընթացի որակի բարելավման նպատակով ուսուցիչը կատարում է մշտական դիտարկում և ինքնադիտարկում:

2.5. ՈՒսուցիչը գնահատում է ոչ միայն սովորողներին, այլև դասավանդման գործընթացը, կիրառված մեթոդները, խոսքային ձևակերպումները` դրանք կատարելագործելու միտումով:
2.6. ՈՒսուցիչը ազնիվ և օրինապահ քաղաքացի է։ Նա անթուլատրելի է համարում կոռուպցիան և զերծ է մնում ինչպես կաշառք վերցնելուց, այնպես էլ որևէ մեկին կաշառք տալուց։
2.7. ՈՒսուցիչը պատասխանատու է.
• իր կատարած մանկավարժական աշխատանքի որակի և արդյունքների համար
• իրեն վստահված երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգեկան պաշտպանվածության համար
• պաշտոնեական պարտականություններով իրեն վերապահված գործառույթների լիարժեք կատարման և իրեն տրամադրված ռեսուրսների նպատակային օգտագործման ու պահպանության համար։
2.8. ՈՒսուցիչն իր աշխատավայրը և աշխատաժամանակը ծառայեցնում է բացառապես մասնագիտական պարտականությունների կատարմանը։
2.9. ՈՒսուցչի հեղինակությունը հիմնվում է իրազեկության, արդարության, տակտի զգացումի և սաների նկատմամբ հոգատարության վրա։ Նա չպետք է ձգտի հեղինակություն ստեղել ոչ պարկեշտ միջոցներով կամ չարաշահի այն։
2.10. ՈՒսուցիչը պետք է ունենա լեզվական բարձր կուլտուրա, բացառի այլոց ինքնասիրությունն ու մարդկային արժանապատվությունը վիրավորող բառերի և արտահայտությունների կամ ժեստերի գործածությունը, զերծ մնա գռեհկաբանությունից և պարզունակությունից:
2.11. ՈՒսուցիչը պետք է հետևի իր արտաքին տեսքին և հագուստին՝ նախընտրելով ուսումնական գործընթացը չխանգարող պատշաճ ոճ և ձև։
2.12. Ոգելից խմիչքների և թմրամիջոցների չարաշահումն անհամա-տեղելի է ուսուցչի մասնագիտության հետ։

ԲԱԺԻՆ 3. ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ, ԾՆՈՂՆԵՐԻ,
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ
1. ՈՒՍՈՒՑԻՉ - ԱՇԱԿԵՐՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. ՈՒսուցիչն աշակերտների հետ իր հարաբերությունները կառուցում է փոխադարձ հարգանքի վրա։ Նա հարգում է աշակերտների անհատականությունը՝ անկախ նրանց տարիքային և անձնային առանձնահատկություններից, դավանանքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ծնողների ունեցվածքի,հասարակական դիրքի կամ որևէ այլ կարգավիճակի հետ կապված հանգամանքից։
3.2. ՈՒսուցիչն անաչառ ու բարյացակամ է բոլոր աշակերտների նկատմամբ, հետևողական է նրանց կրթական պահանջների բավարարման գործում, պատրաստակամությամբ է արձագանքում այդ առնչությամբ ծագած բոլոր խնդիրներին։
3.3. ՈՒսուցիչը նպաստում է սովորողների մեջ դրական անձնային հատկանիշների և միջանձնային որակների զարգացմանը, այդ թվում՝ ինքնուրույնություն, ինքնավերահսկում, ինքնակրթություն, համագործակցելու և ուրիշներին օգնելու պատրաստակամություն և այլն։
3.4. ՈՒսուցիչը պահանջկոտ և հետևողական է բոլոր սովորողների նկատմամբ, ընդ որում այդ պահանջկոտությունը հիմնավորված է և ունի դրական ուղղվածություն։
3.5. ՈՒսուցիչն անաչառ է իր գնահատականների մեջ, դրանք հիմնավորված են և անկողմնակալ։ Սաների նվաճումները գնահատելիս ուսուցիչը պարտավոր է ձգտել օբյեկտիվության և արդարության։ Նա չի կարող բարձրացնել կամ իջեցնել սաների գնահատականները սեփական հայեցողությամբ, առաջադիմությունը արհեստականորեն բարձրացնելու նպատակով նրանց փոխարեն ուղղել թույլ տրված սխալները կամ քողարկել դրանք։
3.6. ՈՒսուցիչը մեկնաբանում է իր նշանակած գնահատականները, իսկ սխալ գնահատում հայտնաբերելու դեպքում անմիջապես ուղղում գնահատականը:
3.7. ՈՒսուցիչը պարտավոր է գաղտնի պահելու սովորողի մասնավոր կյանքի անձեռնմխելիությանն առնչվող տեղեկատվությունը, ինչպես նաև
նրա կողմից իրեն վստահված գաղտնիքը՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ Սովորողի անձին վերաբերող տեղեկատվությունը ուսուցիչը կարող է օգտագործել բացառապես ի շահ սովորողի:
3.8. ՈՒսուցիչն իրավունք չունի իր կատարած աշխատանքի դիմաց աշակերտներից կամ նրանց ծնողներից լրացուցիչ վարձատրություն ակնկալել և պահանջել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Եթե ուսուցիչը զբաղվում է մասնավոր պրակտիկայով, ապա նրա վարձատրման պայմանները պետք է համաձայնեցվեն աշխատանքի սկզբում և գրանցվեն պայմանագրում։
3.9. ՈՒսուցիչը հարգում է իր սաների մտքի, խղճի և դավանանքի ազատությունը, պատշաճ ուշադրություն է դարձնում սաների արտահայ-տած հայացքներին ու կարծիքներին և նրանց չի պարտադրում իր սեփա-կան հայացքները։

2. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ՀԵՏ
3.10. ՈՒսուցիչները ձգտում են միմյանց հետ ակտիվ համագործակցության, փոխադարձաբար հարգում և օգնում են իրար, կարևորում են միմյանց և ուսումնական հաստատության շահերը։ ՈՒսուցիչներին միավորում է փոխադարձ վստահությունը, թիմային համերաշխությունը, միմյանց աջակցելու ազնիվ մղումն ու պատրաստակամությունը։
3.11. ՈՒսուցիչը պարտավոր է պաշտպանել ոչ միայն իր, այլև գործընկերոջ հեղինակությունը։ Նա չպետք է նսեմացնի գործընկերներին սաների կամ այլ անձանց ներկայությամբ։
3. 12. ՈՒսուցիչն իրավունք ունի ազատ կարծիք հայտնել գործընկերների և դպրոցի ղեկավարության աշխատանքի մասին։ Այդուհանդերձ, ցանկացած քննադատություն և դիտարկում պետք է լինի անաչառ և հիմնավոր, կառուցողական, տակտի զգացումով, բարյացակամ և ոչ վիրավորական։ Չի կարելի ստորացնել քննադատության ենթարկվող մարդուն։ ՈՒսուցիչներին առնչվող կարևոր հիմնախնդիրները պետք է լուծվեն ուսուցիչների ազատ և բաց քննարկումների միջոցով։
3.13. Դպրոցի ղեկավարությունն իրավունք չունի ուսուցչից պահանջելու կամ սեփական նախաձեռնությամբ՝ առանց ուսուցչի գիտության, հավաքելու նրա
 անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ, եթե դա ուղղակիորեն չի առնչվում վերջինիս կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարմանը։
3.14. Գործընկերների և ղեկավարության աշխատանքային գործունեության գնահատումը ուսուցչի իրավունքն ու պարտականությունն է։ Արգելվում է քննադատության համար ուսուցչի հետապնդումը։ Քննադատությունը պետք է լինի ներքին, այսինքն՝ արտահայտվի ուսումնական հաստատության ներսում և ոչ թե դրա սահմաններից դուրս։ Այն պետք է արտահայտվի դեմ առ դեմ, այլ ոչ թե ինչ-որ մեկի հետևից։ Բամբասանքն անհանդուրժելի է դպրոցում կամ ուսումնական այլ հաստատությունում։
3.15. ՈՒսուցիչները պարտավոր են խուսափել անհիմն և սկանդա-լային ընդհարումներ ստեղծելուց և հրահրելուց։ Տարաձայնությունների առաջացման դեպքում նրանք պետք է ձգտեն հարթել դրանք` ցուցաբերելով կառուցողական մոտեցում։
3.16. ՈՒսուցիչները չպետք է թաքցնեն գործընկերների գործած սխալներն ու զանցանքները։
3.17. ՈՒսուցիչն ունի խրախուսվելու իրավունք։ Մասնագիտական գործունեության ոլորտում նրա անձնական ձեռքբերումները չպետք է մնան ստվերում։
3.18. ՈՒսուցիչն իրավունք ունի դպրոցի ղեկավարությունից պահանջելու ուսումնական հաստատության գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն, եթե դա կարող է այս կամ այն կերպ օժանդակել նրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
3.19. Ուսումնական գործընթացում ուսուցիչը սովորողների անհատականության զարգացման և նրանց հոգեկան, հոգեբանական ու ֆիզիկական առողջությունը պահպանելու նպատակով պետք է մշտապես համագործակցի հոգեբանի, բժշկի, սոցիալական մանկավարժի, աշակերտների ծնողների հետ։

3. ՈՒՍՈՒՑՉԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ
3.20. ՈՒսուցիչը պետք է հարգալից և բարեկամաբար վերաբերվի աշակերտների ծնողներին, նրանց ընդունի որպես գործընկեր և աջակից։
3.21. ՈՒսուցիչը աշակերտների ծնողներին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում նրանց երեխաների ուսումնառության վերաբերյալ, ինչպես նաև խորհրդատվություն՝ նրանց կրթական կարիքների առնչությամբ։
3.22. ՈՒսուցիչը չի հրապարակում ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների՝ միմյանց մասին իրեն վստահած կարծիքն ու դիտարկումները։
3.23. Ծնողների հետ ուսուցչի հարաբերությունները ոչ մի կերպ չպետք է ներազդեն աշակերտների գնահատականի կամ կրթական այս կամ այն ծրագրերում նրանց ներառելու հանգամանքի վրա։
3.24. ՈՒսուցիչ-աշակերտ հարաբերությունների և աշակերտների գնահատականի վրա ոչ մի կերպ չպետք է ներազդի աշակերտների ծնողների կողմից ուսումնական հաստատությանը ցուցաբերված աջակցությունը՝ անկախ դրա ձևից, չափից, կարևորությունից և բարդության աստիճանից։

4. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ
3.25. ՈՒսուցիչն ակտիվորեն մասնակցում է իր համայնքի, մարզի, պետության ընթացիկ կյանքին, նպաստում է մշակութային արժեքների պահպանությանն ու հասարակական երկխոսությանը:
3.26. ՈՒսուցիչը նպաստում է հասարակական համաձայնությանը, ձգտում է դրականորեն հաղթահարել կոնֆլիկտները, բացահայտում է տարաձայնությունների և կոնֆլիկտների պատճառները և անհրաժեշտության դեպքում կիրառում է իր գիտելիքներն ու հմտությունները համայնքում համերաշխություն և համագործակցություն վերահաստատելու համար:
3.27. ՈՒսուցիչը գիտակցում և պատասխանատվությամբ է կատարում իր քաղաքացիական պարտականություններն ու հասարակական դերը, ծառայում է որպես օրինավոր քաղաքացու կերպար:
3.28. ՈՒսուցիչներն ընտրում են իրենց իրավունքների և ազատությունների իրացման այնպիսի ձևեր և եղանակներ, որոնց հետևանքով չեն խախտվում երեխաների իրավունքները, այդ թվում և՝ չընդհատվող կրթության իրավունքը:

ԲԱԺԻՆ 4. ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻԱ
4.1. ՈՒսուցիչն իրավունք ունի օգտվելու տեղեկատվության տարբեր աղբյուրներից` չխախտելով հեղինակային իրավունքի նորմերը:
4.2. ՈՒսուցիչը կարող է ազատորեն ստեղծագործել՝ օգտագործելով իրեն հասանելի տեղեկատվությունը, բացառելով ապատեղեկատվությունը և գիտականությանը հակասող գաղափարների և դրույթների տարածումը:
4.3.Ուսումնական գրականություն ընտրելիս և նոր ուսումնական նյութեր ու մեթոդներ մշակելիս ուսուցիչը պարտավոր է հետևել մասնագիտական համապատասխանության և պարկեշտության պահանջներին:
4.4. Անթույլատրելի են տեղեկությունների կողմնակալ խեղաթյուրումը, նենգափոխումը և հեղինակի փոփոխությունը:
4.5. ՈՒսուցիչը չպետք է տարածի գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք նախատեսված են զուտ տվյալ հաստատության ներքին կիրառման համար:
4.6.ՈՒսուցիչներն ու վարչական աշխատողները պարտավոր են խնայողաբար և արդյունավետորեն օգտագործել դպրոցի նյութական և այլ ռեսուրսները: Նրանք չպետք է անձնական նպատակներով օգտագործեն կրթական հաստատության ունեցվածքը և իրենց աշխատաժամանակը:
4.7. Կաշառք վերցնելը կամ կաշառք տալը անհամատեղելի են ուսուցչի մասնագիտական բարոյականության հետ: ՈՒսուցիչը կարող է վերցնել այն նվերները, որոնք չեն կարող ունենալ կաշառելու միտում, արտահայտում են ավելի շուտ երախտագիտություն և անձնական բարյացակամություն, այլ ոչ թե շահի ակնկալիք: Դրանք պետք է բավականաչափ համեստ լինեն, այսինքն` պատրաստված սաների ձեռքով։ Որոշ դեպքերում ընդունելի կարող են լինել նաև ծաղիկներ, քաղցրավենիք, հուշանվերներ կամ այլ ոչ թանկարժեք իրեր:
4.8. ՈՒսուցիչը չպետք է որևէ կերպ ակնարկի, ցանկություն հայտնի, համաձայնության գա այլ ուսուցիչների հետ սաների կամ ծնողների միջոցով իրեն նվերներ մատուցելու հարցում:
4.9. ՈՒսուցիչը չպետք է դիտավորությամբ իջեցնի իր դասավանդման որակը, որպեսզի սովորողին դրդի դասերից դուրս, մասնավոր հիմունքներով իր կամ
 մեկ այլ ուսուցչի մոտ պարապելու, քանի որ դա անուղղակի կոռուպցիա է և մասնագիտական պարտականությունների կատարման դիտավորյալ թերացում:
4.10. Ուսումնական հաստատության տնօրենը կամ ուսուցիչը սովորողների ծնողների կամ այլ անձանց կողմից կարող են ընդունել ուսումնական հաստատությանը ցույց տրված ցանկացած անշահախնդիր օգնություն, սակայն դա պետք է անել պատշաճ ընթացակարգով: Հասարակությունը պետք է տեղեկացվի նման օգնության տրամադրման մասին, իսկ օգնություն տրամադրողներին պետք է շնորհակալություն հայտնել հրապարակավ: Օգնության կարգով տրամադրված միջոցները պետք է սահմանված կարգով հաշվառվեն և օգտագործվեն բացառապես կրթական նպատակներով:

ԲԱԺԻՆ 5. ՈՒՍՈՒՑՉԻ ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐՄԵՐԻ
ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ
5.1. Ուսուցչի էթիկայի նորմերի կենսագործումն իրականացվում է անհատի գիտակցության և վարքի դրսևորման,իսկ վերահսկողությունը` ինքնագնահատման, հասարակական կարծիքի զուգակցման ու սերտ համագործակցության միջոցով:
5.2. Ուսուցչի բարոյական գիտակցությունը, իր արարքներն ու վարքագիծը վերահսկելու ունակությունը խթանելու նպատակով նրան աշխատանքի նշանակելու հենց առաջին օրից տրվում է սույն փաստթուղթը, որի դրույթները նա պարտավոր է յուրացնել և դարձնել իր մտադրությունների և գործելակերպի ուղեցույց:
5.3. Ուսուցչի բարոյական վարքագծի վրա հասարակական կարծիքի ներգործությունն իրականացնում է ուսումնական հաստատության աշ-խատողների ժողովի կողմից ընտրված ներկայացուցիչներից կազմված էթիկայի հանձնախումբը: Հանձնախումբը գործում է մեկ տարի ժամկետով հասարակական հիմունքներով:
5.3.1. Էթիկայի հանձնախումբը կազմավորվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում տվյալ հաստատության աշխատողների ժողովի որոշմամբ
հաստատված ընթացակարգով, որով սահմանվում է նաև հանձնախմբի անդամների թիվը. այն կարող է լինել 7-11 անձ` կախված հաստատությունում աշխատող ուսուցիչների քանակից կամ այլ գործոններից:
5.3.2. Հաստատության տնօրենը, որը որպես կանոն հանձնախմբի կազմում չի ընդգրկվում, բարենպաստ պայմաններ է ապահովում հանձնախմբի բնականոն և անկաշկանդ գործունեության համար:
5.3.3. Հաստատության էթիկայի հանձնախումբն իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար։ Հանձնախմբի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Հանձնախմբի նիստը իրավազոր է հանձնախմբի կեսից ավելի թվով անդամների մասնակցության դեպքում, և որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
5.4. Էթիկայի հանձնախումբը քննության է առնում իրեն ուղղված այնպիսի հարցեր, որոնք անմիջականորեն վերաբերում են տվյալ հաստատությունում աշխատող ուսուցչի կամ մանկավարժական այլ աշխատողի՝ սույն փաստաթղթի դրույթների շրջանակներում մեկնաբանվող վարքագծին կամ գործելակերպին: Այդ հարցերը չպետք է առնչվեն քրեական, վարչական, կարգապահական և այլ իրավական պատասխանատվություն առաջացնող խնդիրների հետ:
5.5. Քննարկման ենթակա հարցերը հանձնախմբին կարող են ներկայացվել գրավոր դիմումով կամ նամակով: Քննարկման հարցեր կարող են ներկայացնել տվյալ ուսումնական հաստատության խորհրդի անդամները, ուսուցիչները, մանկավարժական այլ աշխատողները, սովորողների ծնողները: Հաստատության սովորողները քննարկման հարցեր կարող են ներկայացնել դասղեկի, դասավանդող ուսուցիչների կամ իրենց ծնողների միջոցով:
5.6. Հանձնախմբին ներկայացված հարցերը (այդ թվում և՝ հարց ներկայացնողի կողմից դիմումը հետ վերցնելու ցանկության դեպքում) պարտադիր ենթակա են քննարկման առնվազն 15-օրյա ժամկետում: Հանձնախումբը հարցի քննարկմանը կարող է մասնակից դարձնել շահագրգիռ անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև փորձագետների ու մասնագետների:
5.7. Քննարկվող հարցերի վերաբերյալ հանձնախմբի ընդունած որոշումներն ունեն խորհրդակցական բնույթ: Այդ որոշումները կարող են բովանդակել խրախուսող
 կամ պարսավող գնահատական: Հանձնախմբի յուրաքանչյուր որոշում գրանցվում է համապատասխան գրանցամատյանում և ստորագրվում հանձնախմբի նախագահի ու քարտուղարի կողմից:
5.8. Հանձնախմբի որոշումները եռօրյա ժամկետում տրամադրվում են այն անձանց, ում ներկայացմամբ քննարկվել է և ում հետ կապված է հարցի քննարկումը: Քննարկվող յուրաքանչյուր հարցի կապակցությամբ հանձնախումբը վճիռ է կայացնում նաև ընդունված որոշումը տվյալ հաստատությունում հրապարակելու վերաբերյալ:
5.9. Ուսուցչի ատեստավորման ժամանակ Էթիկայի հանձնախմբի կողմից նրան առնչվող հարցերի քննարկումների ու ընդունված որոշումների մասին ամփոփ տեղեկատվությունը տրամադրվում է հաստատության տնօրենին` ատեստավորման փաստաթղթերի փաթեթում ներառելու համար:

6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6.1. Ուսումնական հաստատության աշխատողների ժողովի որոշմամբ, կախված հաստատության առանձնահատկություններից և համայնքում արժևորվող ավանդույթներից, կարող են կատարվել ուսուցչի էթիկայի նորմերի առանձին դրույթների հավելումներ և լրացումներ` պայմանով, որ դրանք չպետք է հակասեն սույն փաստաթղթում ամրագրված նպատակներին և հիմնական սկզբունքներին:
6.2. Ուսումնական հաստատության տնօրենը ուսուցիչների, վարչական աշխատողների, խորհրդում ու խորհրդակցական մարմիններում ընդգրկված ներկայացուցիչների և հրավիրված մասնագետների ներգրավմամբ պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ, ցերեկույթներ, դասախոսություններ, ստուգատեսներ և այլ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են հանրային կյանքում բարոյական նորմերի արժևորմանը, հաստատությունում և համայնքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի հետագա բարելավմանը:

Հավելված
Փաստաթղթում օգտագործված հիմնական հասկացությունների պարզաբանումներ
1. Ազնվություն - ուսուցիչի կողմից իր խոստումը պահելու, խոսքի ու գործողությունների միասնության ձգտելու, կեղծիքով կամ խաբեությամբ չզբաղվելու վարքագիծ:
2. Ակադեմիական ազատություն - ստեղծագործական և հետազոտական աշխատանքի ազատություն:
3. Անաչառություն և օբյեկտիվություն – իր ելույթներում, գործողություններում, անհատ մարդկանց կամ մարդկանց խմբերի նկատմամբ նրանց սեռի, տարիքի, ռասայի, կրոնի, մաշկի գույնի, ազդեցության, ամուսնական վիճակի պատճառով խտրություն չդնելը, նման երևույթների բախվելիս օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկելը:
4. Անձնական կյանք - ուսուցչի անձնական հարաբերություններն ու գործունեությունը, որոնք կապված չեն նրա մասնագիտական գործունեության կամ հասարակական կյանքի հետ:
5. Ապատեղեկատվություն – տեղեկատվության դիտավորյալ կամ ակամա խեղաթյուրում, ոչ ճիշտ տեղեկատվություն:
6. Էթիկայի հանձնախումբ – Ուսուցչի բարոյական վարքագծի վրա հասարակական կարծիքի ներգործությունն իրականացնող հանձնախումբ, որն ընտրվում է ուսումնական հաստատության աշխատողների ժողովի կողմից:
7. Թափանցիկություն – ուսուցչի գործունեության հրապարակային բնույթ, նրա կողմից կազմակերպված միջոցառումների, դասերի, ելույթների, գործողությունների ուսումնասիրման և գնահատման պայմաններ:
8. Կոռուպցիա – սեփական օգուտի համար հասարակական ուժի շահագործումն է, որը կարող է արտահայտվել ամենատարբեր ձևերով` կաշառք, հասարական բարիքների անօրինական տնօրինում, նեպոտիզմ (ընտանեկան կապերի շահագործում), օրենքների և նորմերի ձևավորում և փոփոխություն` հօգուտ անձնական շահի:
9. Կրթական կարիքներ – այն կարիքներն են, որոնք կոչված են ապահովելու բոլոր երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը՝ այդ թվում
 նաև՝ստեղծելով ներառական կրթության հնարավորություններ բոլոր հանրակրթական դպրոցներում։ Այս եզրույթն առաջացել է «Կրթություն բոլորի համար» երեխայի իրավունքը կյանքի կոչելու նպատակով և որպես ուղենիշ ու խնդիր, դրված է 2011-2015թթ. «Կրթության զարգացման պետական ծրագրում»։
10. Հակակոռուպցիա – կոռուպցիայի հակառակ երևույթն է, որն ուղղված է կոռուպցիան կանխելու կամ դրա դեմ պայքարելու գործընթացին:
11. Հանրային կյանք - ուսուցչի վարքը հասարակության մեջ և նրա հասարակական գործունեությունը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են նրա մասնագիտական գործունեության հետ:
12. Հանրային շահեր - ժողովրդի և պետության կողմից ընդհանուր ճանաչում ստացած խնդիրներ ու նպատակներ, որոնք համապատասխանում են իրավական և բարոյական նորմերին։ ՈՒսուցիչների առնչությամբ այն ունի մեկ այլ դրսևորում ևս. դա հասարակության շահա-գրգռությունն է այն բանում, որ ուսուցիչները ժողովրդին ծառայեն ազնիվ, անաչառ ու արդար կերպով:
13. Հանրային և պետական շահերին հասցված վնաս - ուսուցչի կողմից մասնագիտական բարոյականության և վարքի նորմերի խախտման բացասական հետևանք, որի պատճառով մարդիկ կրում են նյութական կամ ոչ նյութական վնաս, կամ առկա է հասարակության օրինական շահերի ակնհայտ խախտում:
14. Հարգանք անհատի նկատմամբ - ուսուցչի կողմից բարի կամքի և հանդուրժողականության ցուցաբերում ինչպես սովորողների, այնպես էլ բոլոր մարդկանց նկատմամբ՝ անկախ նրանց անձնական հատկություններից, հասարակական կարգավիճակից, նյութական վիճակից, քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից:
15. Հարգանք օրենքի և մարդու իրավունքների նկատմամբ - իր անձնական կամ հասարակական կյանքում ուսուցչի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի դրույթների պահպանումը, իսկ այլ մարդկանց կողմից օրենքի խախտումների հետ առնչվելու դեպքում նման գործողությունների
 դադարեցման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը:
16. Հաշվետվողականություն – ուսուցչի կողմից իր գործունեության վերաբերյալ պարբերաբար զեկույցներով, մեկնաբանություններով և հաշվետվություններով հանդես գալը, ուսումնասիրությունների համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելը:
17. Հեղինակային իրավունքի նորմեր – Հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության եւ արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը, որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձևով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձևը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից: Կարգավորվում է հատուկ օրենքով, որն էլ հենց սահմանում է Հեղինակային իրավունքի նորմերը:
18. Մասնագիտական գործունեություն - ուսուցչի պարտականությունների հետ առնչվող գործողություններ:
19. Մասնագիտական համապատասխանություն և պարկեշտություն – որոշվում է ուսուցչի՝ ՀՀ համապատասխան օրենքներով սահմանված պաշտոնի անձնագրին համապատասխանության աստիճանով:
20. Մասնավոր շահեր - ուսուցչի կամ նրան մերձավոր անձի նյութական կամ ոչ նյութական շահ, որը կարող է ազդել ուսուցչի որոշումների վրա՝ պարտականությունները կատարելիս:
21. Ներքին քննադատություն – ուսումնական հաստատության ներսում կատարված քննադատություն, որը չի կարող հրապարակվել նրա սահմաններից դուրս:
22. Նվեր - նյութական արժեք ունեցող ցանկացած իր, հյուրասիրություն կամ ծառայություն, որ առաջարկվում կամ տրամադրվում է ուսուցչին անվճար կամ անիրատեսորեն ցածր գնով, եթե դա կապված է կամ կարող է կապված լինել նրա գործողությունների կամ որոշումների վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցության հետ:
23. Շահերի բախում - իրավիճակ, երբ իր պարտականությունները կատարելիս ուսուցիչը ստիպված է կամ կարող է որոշում ընդունել, մասնակցել որոշում
 ընդունելուն կամ կատարել այլ գործողություններ, որոնք խախտում են հասարակության շահերը՝ հանուն սեփական կամ իր մերձավոր մարդկանց մասնավոր շահերի:
24. Պատասխանատվություն - մասնագիտական գործունեություն ի-րականացնելիս սեփական որոշումների և գործողությունների հետևանքների, հնարավոր օգուտի կամ վնասի համար ուսուցչի գիտակցված վերաբերմունքը, հետևանքների համար մեկնաբանություններ տալու պատրաստակամություն:
25. Սկզբունքայնություն – ուսուցչի կողմից հանրային և մասնավոր կյանքում ազնիվ ու արժանավայել պահվածք, իր մասնագիտական գործունեության մեջ ապօրինի, անարժան և անբարոյական գործարքներից և միավորումներից խուսափելու հետևողական վարքագիծ, որը ենթադրում է բարոյական վարքի համընդհանուր նորմերի պահպանում՝ հիշելով, որ իրենից ակնկալում են վարքի

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно