Սթիվ Ջոբս. Մի հանճարի մանկություն





Խելահեղները, ովքեր համոզված են, որ կարող են փոխել
աշխարհը, ի վերջո իրոք փոխում են այն:


…«Ոմանք կարծում են, որ ես այդքան շատ աշխատել ու հարստացել եմ, քանի որ նոր ծնված ինձանից հրաժարվել էին իմ ծնողները: Այդ իսկ պատճառով ես իբր կաշվիցս դուրս էի գալիս, որպեսզի նրանք հասկանան, թե ինչքան լավն եմ ես և զղջան, որ լքել են ինձ: Դա բացարձակ անհեթեթություն է,- պատմում է Սթիվ Ջոբսը: -Ես գիտեի, որ ինձ որդեգրել են, և ինձ ավելի անկախ էի զգում, սակայն լքված՝ երբեք: Ես միշտ հավատում էի, որ ես առանձնահատուկ եմ: Եվ ծնողներս միշտ փորձել են ամրապնդել իմ մեջ այդ հավատը:»

«Հայրս ու մայրս (Սթիվը այդպես էր անվանում իրեն որդեգրած Պոլ և Կլարա Ջոբսերին. վերջինիս աղջկական ազգանունը, ի դեպ, Հակոբյան է) շատ էին սիրում ինձ: Եվ երբ հասկացան, որ ես առանձնահատուկ եմ, զգացին իրենց պատասխանատվությունը: Ձգտում էին գնել ինձ համար անհրաժեշտ ամեն ինչ, դասավորել ամենալավ դպրոցում, և ընդհանրապես՝ օգնել ինձ բացահայտել իմ պոտենցիալը»:

«Դպրոցում ես դեմ առա մի երևույթի, որին մինչ այդ չէի հանդիպել՝ ենթարկվելու անհրաժեշտությանը: Ինձ ճնշում էին հեղինակությամբ: Եվ գրեթե փախցրին սովորելու ցանկությունս»:

Մոնա-Լոմայի տարրական դպրոցը, որտեղ սովորում էր Սթիվ Ջոբսը, իրենից ներկայացնում էր մի քանի ցածրահարկ շենքեր Ջոբսերի տնից 4 թաղամաս հեռավորության վրա: Փոքրիկ Սթիվը ձանձրույթի դեմ պայքարում էր ուսուցիչների և դասընկերների գլխներին օյիններ խաղալով: «Ես մի ընկեր ունեի Ռիկ Ֆերենտինո անունով, որի հետ մենք միշտ ինչ-որ բաներ էինք հորինում,- վերհիշում էր Ջոբսը: -Օրինակ պատերից հայտարարություններ էինք կպցնում. «Վաղը բոլորը պետք է դպրոց բերեն մի-մի ընտանի կենդանի»: Ստացվում էր քաոս. շները վազում էին կատուների հետևից, իսկ ուսուցիչները պայթում էին զայրույթից»:

Մի անգամ էլ Սթիվն ու Ռիկը հաջողացրին դասընկերներին խաբելով իմանալ նրանց հեծանիվների կողպեքների կոդերը: Հետո դուրս եկան ու տեղերով փոխեցին բոլոր կողպեքներն այնպես, որ ոչ ոք չկարողացավ վերցնել իր հեծանիվը: Երեխաները մինչև երեկո գլուխ էին հանում, թե որն է որինը:

Երրորդ դասարանում չարաճճիությունները դարձան ավելի վտանգավոր: «Մի անգամ մենք ուսուցչուհի տիկին Թուրմանի աթոռի տակ փոքրիկ ռումբ դրեցինք: Խեղճը քիչ էր մնում մինչև կյանքի վերջը կակազող դառնար»:

Չորրորդ դասարանում Ջոբսին սկսեց դասավանդել Իմոջեն Հիլլ անունով բավականին տաքարյուն խառնվածքով մի կին: Ջոբսը պնդում էր, որ նա դարձավ իր համար բարի հանճարներից մեկը: Մի քանի շաբաթ ուսումնասիրելով Սթիվին՝ ուսուցչուհին որոշեց, որ նրա հետ գործ ունենալու ամենալավ եղանակը… կաշառքն է: «Մի անգամ դասերից հետո նա մեկնեց ինձ մաթեմատիկայի խնդիրների ժողովածու և հրամայեց տանը լուծել դրանք՝ բոլորն անխտիր: Ես մտածեցի, որ նա խելքը թռցրել է: Այդժամ միսիս Հիլլը հանեց մի մեծ սառնաշաքար և խոստացավ, որ եթե ես լուծեմ բոլորը, կստանամ այն, ինչպես նաև հինգ դոլլար վերևից: Երկու օր անց ես նրան տվեցի լուծված խնդիրներով տետրը»: Իսկ մի քանի ամսից հետո Սթիվին կաշառելու անհրաժեշտությունն ինքնին վերացավ: «Ես ցանկացա սովորել և ուրախացնել ուսուցչուհուն իմ հաջողություններով»:

Չորրորդ դասարանի վերջում տիկին Հիլլը Ջոբսի համար քննություն կազմակերպեց: «Ես այն հանձնեցի տասերորդցու արդյունքներով»,- վերհիշում էր Սթիվ Ջոբսը: Այժմ ոչ միայն տղային և նրա ծնողներին, այլ նաև նրա ուսուցիչների համար պարզ դարձավ, թե ինչքան է նա տաղանդավոր: Եվ դպրոցի տնօրենը արտասովոր մի որոշում ընդունեց. առաջարկեց Սթիվին ցատկել երկու դասարան և չորրորդից հետո միանգամից նստել յոթերորդում: Այդպես շատ ավելի հեշտ կլիներ պահպանել նրա մեջ ուսման հանդեպ հետաքրքրությունը: Բայց ծնողները գտան, որ խելամիտ կլիներ ցատկել միայն մեկ դասարան»:

 

Яндекс.Метрика